Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

Մահ չապրած մարդը

Մահ չապրած մարդը
13.06.2014 | 11:29

Հավատացյալ մարդու համար հաճելի է ամբողջապես ապրել հոգևոր կյանքով: Սակայն նյութական խնդիրները հաճախ խանգարում են հոգևոր ընթացքի զարգացմանը: Ժամանակակից աշխարհը մարդուն պարտադրում է իր կարգը` տալով մտահոգություններ և նեղություններ, խնդիրներ և հոգևոր կյանքը մոռանալու համար ժամանակավոր հաջողություններ: Բայց այս ամենը պատճառ չպետք է դառնա մարդու հոգևոր վիճակի անկման: Հիշենք, եթե Աստծո սերը գործում է մեր մեջ, մեր հոգու աչքերը չեն փակվի: Մենք մշտապես կտեսնենք աստվածային հաղորդակցությունն ու Արարչի աջակցությունը մեր կյանքում: Եթե աստվածային սերը ապրում է մեր մեջ, ապա մենք ունակ ենք տալու հոգեղեն արժեքներ, որոնք հավիտենական են, որոնք ստեղծում են բարեկամություն ու ջերմություն շրջապատի և քո հանդեպ: Հոգու սիրով լցված լինելով` արդեն իսկ փոխանցում ես աստվածային լույսի ջերմությունը, խնդությունը և կյանքը: Ամեն ինչ փոխվում է: Այն, ինչ պատկերացնում էիր ողբերգական, իրականում դառնում է դրամատիկ, բայց հոգևոր խնդությամբ լեցուն մի ուղի, ուր բոլորը քո ներկայությունից իսկ արդեն լցվում են խինդով ու լույսով: Բազում դարեր առաջ ապրած Եղիա մարգարեի կյանքն այդպիսի մի օրինակ է մեզ համար:
Համաշխարհային կրոնական պատմության մեջ երկու դեպք է արձանագրվել, երբ մարդ արարածը մահ չի ապրել: Երկու դեպքն էլ վկայակոչված են Սուրբ գրքում: Առաջինը Ենոքի մասին է, երկրորդը` Եղիա մարգարեի: Վերջինս Հին կտակարանի մեծագույն մարգարեներից է: Ապրել է Քրիստոսից առաջ 9-րդ դարում: Նրա մասին պատմում են Թագավորություններ Գ և Դ գրքերը, ինչպես նաև Նոր կտակարանում է հիշատակվում:
Այս տարի հունիսի 15-ին Հայ առաքելական Սուրբ եկեղեցին կատարում է Եղիա մարգարեի հիշատակության օրը: Այս մարգարեն կատարել է բազմաթիվ հրաշքներ: Հարություն է տվել այրի կնոջ որդուն: Եվ իր երկրային կյանքի ավարտին տեղափոխվել է դեպի երկինք: Այդ մասին Սուրբ գիրքն ասում է, երբ Եղիան և Եղիսեն կանգնել էին Հորդանանի եզերքին, Եղիան առավ իր մորթե վերարկուն, ծալեց ու խփեց ջրերին: Ջրերն իրարից հեռացան այս ու այն կողմ, և երկուսով անցան, Եղիան ասաց Եղիսեին, թե խնդրիր՝ ի՞նչ անեմ քեզ, քանի դեռ քեզնից չեմ բաժանվել: Եղիսեն ասաց, որ թող քո հոգու կրկնապատիկն ինձ վրա լինի: Եղիան ասաց, թե դժվար բան խնդրեցիր, բայց եթե քեզնից համբառնալու ժամանակ ինձ տեսնես, այդպես թող լինի, ապա թե ոչ` թող չլինի: Մինչ նրանք քայլում էին, մի հրեղեն կառք ու հրեղեն երիվարներ երևացին, նրանց միմյանցից բաժանեցին, և Եղիան մրրիկի մեջ երկինք վերացավ (Դ Թագավորներ 2.1-11): Եղիա նշանակում «Աստծո ամրոց»: Նա քահանայական տոհմից էր և դաստիարակություն էր ստացել նրանցից, ապրել առաքինի կյանքով: Դեռ նրա նորածին ժամանակ, մարգարեի հայրը` Սավուղը, տեսիլք տեսավ, որ լուսավոր մարդիկ իր երեխայի շուրջն են, ովքեր կրակը մոտեցրին երեխայի շուրթերին: Սա վկայում էր այն մասին, որ մանուկը շնորհներով լեցուն անձ է լինելու: Ինչպես մյուս մարգարեները, Եղիան նույնպես ժողովրդին ու իշխանավորներին կոչ էր անում արդարության և բարեպաշտ կյանքով ապրելու անհրաժեշտությունն ու Աստծուն հավատարիմ լինելը: Այդ պատճառով նա այդ օրերի թագավոր Աքաաբին և փյունիկեցի Հեզաբել թագուհուն հանդիմանում է իրենց ոչ աստվածահաճո կյանքի համար: Աքաաբն ու թագուհին մեղանչեցին Աստծու դեմ` պաշտելով Բահաղին և սպանելով Աստծու մարգարեներին։ Այդ իսկ պատճառով Եղիան նրանց հայտնում է մոտալուտ երաշտի մասին։ Հակոբոս առաքյալը վկայում է, որ Եղիան էլ սովորական մարդ էր մեզ նման, բայց նա աղոթեց, և երկրի վրա երեք տարի ու վեց ամիս անձրև չտեղաց: Ապա դարձյալ աղոթեց, և երկինքը անձրև տվեց (Հակոբոս 5:17): Երաշտի ժամանակ Եղիան թաքնվեց Քոռաթի հեղեղատի մոտ: Այստեղ Աստծո հրամանով նրան ամեն օր կերակուր էին բերում ագռավները, մինչև Տիրոջ հրամանով նա դուրս եկավ թաքստոցից: Երբ հեղեղատը ցամաքեց, Եղիան ճանապարհ ընկավ դեպի Սիդոնում գտնվող Սարեփթա քաղաքը և այնտեղ ապրեց մի այրի կնոջ ընտանիքի հետ։ Այդ կինն իր վերջին կերակրապաշարից բաժին հանեց Եղիային, բայց Աստված չպակասեցրեց նրա ալյուրն ու յուղի պաշարը, մինչև սովը վերջացավ։ Երբ այրի կնոջ որդին մահացավ, Աստված լսեց Եղիայի աղոթքը և վերակենդանացրեց նրան։ Երաշտի երրորդ տարում Եղիան վերադարձավ Աքաաբի մոտ։ Թագավորը նրան մեղադրեց Իսրայելին պատուհասող աղետների համար։ «Ես չեմ Իսրայելը տակնուվրա անողը,- պատասխանեց Եղիան,- այլ դու և քո հոր տունը, որ, լքելով ձեր Տեր Աստծուն, գնացել եք Բահաղին հարողների հետևից»: Սուրբ գիրքը պատմում է, որ Եղիան կարողացավ իր աղոթքով ցույց տալ, որ ճշմարիտ Աստված մշտապես լսում է աստվածահաճո կյանքով ապրող մարդուն, և Բահաղի քրմերի ու մարդկանց առաջ Եղիայի աղոթքի շնորհիվ հրաշք տեղի ունեցավ, և իր մատուցած զոհի կրակը հրաշքով բոցավառվեց, իսկ Բահաղի քրմերի զոհը չընդունվեց: Թագավորի հրամանով սպանվեցին Բահաղի քրմերը, ինչը զայրացրեց թագուհուն, և Եղիան ստիպված եղավ փախչելու անապատ: Այստեղ Աստված խոսեց նրա հետ և Եղիային հայտնեց, որ նա դեռ գործ ունի անելու։ Ավելի ուշ Եղիայի երկինք բարձրանալուց հետո, Մաղաքիա մարգարեն կանխատեսեց նրա վերադարձը: Իսկ ավետարանիչները նրա հայտնվելու մասին խոսում են Հիսուսի պայծառակերպության ժամանակ, երբ նա հայտնվեց Մովսեսի հետ: Այսօր էլ Եղիա մարգարեի կերպարն իր ամրակուռ հավատի անսասանությամբ կանգնած է մեր առջև` իբրև օրինակ Աստծուն հավատարիմ անձի, ով հաստատուն քայլերով անցավ բոլոր դժվարությունների միջով ու աստվածային շնորհով գործեց բազմաթիվ հրաշքներ և արժանացավ երկնային փառքին:


Հրապարակման պատրաստեց
Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

Դիտվել է՝ 1358

Մեկնաբանություններ